ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ՍՓՅՈՒՌՔԻՑ` ՄԿԱՆ ԹԱԿԱՐԴ («Լեռը երկնեց... գիտաժողով ծնեց» շարքից)

ՍՓՅՈՒՌՔԻՑ` ՄԿԱՆ ԹԱԿԱՐԴ («Լեռը երկնեց... գիտաժողով ծնեց» շարքից)
18.11.2011 | 00:00

«...Նայիլ Չաքմազ (Նուբար Սեպոյան), ստամբուլցի վարսավիր, նախկինում` շենգավիթցի խառատ։ Մշտապես մզկիթ է հաճախում` Ալլահին փառաբանելու, որ վերջապես ապրում է ոչ հայավարի` վաղվա նկատմամբ ահը Բոսֆորը նետած։
Պավել Իվանով (Պողոս Հովհաննիսյան), մագադանցի մեծահարուստ (ընտանիքի անդամներին սպանել են սքինհեդները)։ Ապրում է օտարազգի կնոջ և նրա հնգամյա որդու հետ, խուսափում հայերից։
Մադամ Ժասմեն (Հասմիկ Դիլբարյան), դուբայցի «գործարար», հմտացել է կանանց ու աղջիկների առուծախում։ Նպաստի փող է ուղարկում ծնողներին ու պորտաբույծ ամուսնուն, որն այն մսխում է պանդոկներում` մխիթարանք չգտնելով...»։

«Թևակոտոր երամներ», Էդուարդ ԽԱՉԻԿՅԱՆ

ՇՆՈՐՀ ԱՐԵՔ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ
(համահայկական շուրջպար)

Մղձավանջային երազ եմ տեսել։ Հայաստանում շաբաթվա բոլոր օրերը հատկանշվում են տոնացույցում։ Հինգ օր երգում-պարում-զվարճանում ենք, երկու օր (շաբաթ-կիրակի) աշխատում։ ՈՒ գիտե՞ք ինչու։ Որպեսզի համահունչ լինեն մեր տնտեսական հաջողություններն ու նվազագույն զամբյուղի բերքն ու բարիքը։ Բնականաբար, օրերն անվանակոչված են։ Զի տոնական օրն առանց հուռա՜ կարոտաբաղձական անվան, ոնց որ արդի ազգային օլիգոպոլիկն առանց սեփական գազանանոցի, Ամազոնի ափին գնված հազար հեկտար կանեփի ջունգլիի և երեքհազարդրամանոց ինքնաներարկիչ-սիրուհիների։ Ինչն է ուշագրավ, վաղ երիտասարդության տարիներին, երբ օլիգոպոլիկը մանրավաճառությամբ էր հացն հանապազօր վաստակում ու նրա արուական բարձրագույն երազանքը երեքռուբլանոց մարմնավաճառուհու գրկում մեկժամանոց սիրախաղի տրվելն էր, ձևավորվեցին-արմատավորվեցին նման ճաշակը, բարոյական ըմբռնումներն ու քաղաքական ուշիմությունը։ Սիրախաղի մասին խոսեցինք։ Բարոյական ըմբռնումներն առավել պարզեցված էին. «քցում ես» հաճախորդիդ` երկու զույգ կրծկալի, մեկ բաժակ արևածաղկի, երեք բուռ կոճակի առուծախում և շահում ես։ Քաղաքական ուշիմությունը ևս թրծվեց ու ճանապարհ հարթեց։ Եթե թաղային ոստիկանի ստվերի առջև ժամանակին չծալծլվես, եթե ռայկոմի հրահանգչի հրահանգները չկատարես հորթային առույգությամբ, առաջընթացի հույսեր զուր մի փայփայիր։ Դե, օլիգոպոլիկն ի ծնե ակնթարթորեն կռահում է քամու ուղղությունը, գիտե կոպեկի գինը և այս գերազատական օրերում քնում-արթնանում է նույն փիլիսոփայությանը հարազատ մնալով։ Պարզապես ընդգրկումներն են փոխվել և մայլաքուչային սպեկուլյանտը վերաճել է համաշխարհային տրամաչափի մեծաքսակի։
Սակայն դառնանք մեր դարդ ու ցավին։
Իսկ մինչ այդ` միջանկյալ տրտինգ։ Ցավալի պարտության մատնվեց ՀՀ ծանրամարտի հավաքականը։ Կարծես համատարած ձախ ոտքի վրա էին արթնացել ու չէին գտնում աջ մարզակոշիկը։ Սակայն գերծանրաքաշ ծանրորդների մրցապայքարում մեր մարզասերը նախ հպանցիկ նոկդաունի ենթարկվեց, հետո ապերկոտային նոկաուտի։ Ալեքսանյանի ոտնաթաթը վազանցեց հարթակը, ու սիրունատես մեր հսկան երիցս անիծեց հայի բախտի իր բաժինը։ ՈՒ մինչ մենք մեր բաժին բախտն էինք ոտնատակ տալիս, հարթակ ելան հայի բախտից դարերով հեռու իրանցի դյուցազունները և դյուցազներգ հնչեցրին ֆրանսիական երկրների ներքո։ Արմատական իսլամի զավակները, հարթակ ելնելով, ոգեշունչ փառաբանում էին իրենց սրբերին։ Նրանց ձայնակցում էին մարզիչներն ու որոշ եռանդուն հանդիսականներ։ Օրվա հերոսը դիմում էր Ալիին ու նրա զորավոր աջակցությանն ապավինում։ Աջակցությունը, ինչպես հայտնի է, չուշացավ։ Ինչպես գիտեք, Հանրայինի մարզական մեկնաբան Գիլոյանը միակն էր Երկիր մոլորակում, ում համար ողջ երեկո անլուծելի մնաց «Ալիի առեղծվածը»։ Մեկնաբանը, ինչպես միշտ մերկապարանոց իր ոգեշունչ բառախաղում փորձում էր պարզել, ո՞վ է այդ Ալին, և ինչո՞ւ են դյուցազուններն անընդհատ նրան դիմում։ Այո՜... Իսկ ինձ ու շատերին թվում էր, թե աշոտղազարյանական ու նազենիհովհաննիսյանական թթխմորով հունցված «Հ1»-յան եթերն այլևս անզոր է նոր անակնկալներով գլխիվայր շրջելու հեռուստալսարանի բանականն ու բարոյականը։
Ինչ կարող ես անել կամ ասել, մնում է լիկբեզի ենթարկել Հանրայինի կարկառուն դեմքերից մեկին։ Մարզաշխարհի բոլոր մարզակոշիկներն անգամ թե հագնես ու զբոսնես մոլորակի լավագույն մարզադահլիճներում, այլևս անհնար է վերափոխվել։ Սակայն սա թողնենք «Հ1»-ի գլխավոր քուրմ Հարությունյանի հայեցողությանը և մանրամասնենք լիկբեզը. Իրանի հսկաները, որպես շիա մուսուլմաններ, հատուկ պաշտամունք ունեն Ալի իբն Թալիբի հանդեպ, ով Մուհամմեդ մարգարեի հորեղբորորդին էր և փեսան։ Շիաները Ալիի մահից հետո նրան հռչակեցին իրենց առաջին իմամ և սկսեցին պաշտել։ Պաշտել Մուհամմեդից ոչ պակաս։ Պետք է որ Հանրայինում ծանոթ լինեն նշանավոր «Շախսեյ-վախսեյին», որն Ալիի ու նրա որդիների սպանության տարեցույցի սգատոնն է։ Հայտնի է, որ մոլեռանդներն ինքնախարազանվում են մահու աստիճան, և հուսանք, որ Գիլոյանը, այնուամենայնիվ, գեղեցիկ մի օր չի լուսաբանի «Շախսեյ-վախսեյի» հերթական բեմելը։ Վտանգն առկա է, ինքնաոգևորության մեջ որևէ սահման չճանաչող սույն սուբյեկտը մեկ էլ տեսար դարձավ միջոցառման անմիջական մասնակիցը։ Դե եկ ու հարթիր հայ-իրանական ազգամիջյան հնարավոր առճակատումը։ Ասենք, ինչո՞ւ չէ, կարելի է ուղղակի սուբյեկտին փոխարինել իրանցի ճաշակավոր ու լրջմիտ մի այաթոլայի հետ։ (Գիլոյանն Ալեքսանի ընկերակցությամբ դոդոշ է որսում և ճաշակում խաշ` առանց սխտորի, սխտոր` առանց խաշի)։

Եվ այսպես, շաբաթվա առաջին օրն անվանակոչվեց օլիգոպոլի օր։ Հասկացանք, թե ինչու, էլ չմանրանանք։
Երկրորդ օրը կոչենք մարտաշունչ դիլետանտիզմի օր։ (Ի դեպ, նշյալ կարոտացոլքմարտաշունչները տառապում են երկնագույն մատնաշունչով)։
Օր երրորդ։ Կառավարական երկնիշ աճի և նվազագույն զամբյուղի համերաշխության օր։ Այստեղ բացատրության կարիք կա։ Զի պետք է համաբաշխել, համակերպել, համընդհանուր շահից ելնել։ Օրինակ, էսպես. նվազագույն զամբյուղի (հապավումը` ՆՎԱԶԶԱՄԲ) պարունակությունը, այսինքն, կիլոուկես կարտոֆիլը, 17 հավկիթն ու երեսուն մատնաքաշը պետք է դիտել պերճանքի տեսականի, նորագույն հարկ սահմանել դրանց վրա և երկնիշել։ Այսինքն, եթե կառավարությունը հայտարարում է, որ չնայած տնտեսական ճգնաժամին, պանրի գնի թռիչքին և ի հեճուկս դեղին մամուլի դեղնափրփուր արտավիժումների, հասարակության բարեկեցությունը շարունակ բարձրանում է, նշանակում է, որ վիրտուալ իրականության մեջ ՆՎԱԶԶԱՄԲ-ը մի բան էլ գերազանցում է երկնիշ աճը։ Երկու բան էլ` եռամատ կոմբինացիա հրամցնում վատատես-տեսաբաններին և միտինգավոր-այլընտրանքին։

Չորրորդ օր։ Եվ օր հինգե՛րորդ։ Միացյալ երկնիշ տոն է։ Անվանակոչված է` «Սփյուռքահայության ազատազրկման օր»։ Ինչո՞ւ։ Զի արգո սփյուռքի նախարարությունը զարկ տալով սփյուռքահայության և տեղաբնակների (այսինքն` հայաստանյան աբորիգենների) միահյուսմանը վասն երրորդ հանրապետության կայացման, նրանց (սփյուռքահայ կարոտյալներին) կառանում է մայր հողի կառամատույցներում։ Զորօրինակ, 2009-ին կազմակերպվեց աշխարհի հայ ճարտարապետների գիտաժողովը, որ նպատակ ուներ ողջ հայ ճարտարապետական ներուժը միաբանելու Մասիսներու շուքին տակ և ծառայեցնելու ազգային պետականության շահերին։ Եղան քննարկումներ փակօթյա (Գիտությունների ազգային ակադեմիայում, ճարտարապետների միությունում, համալսարաններում և այլն)։ Եղան նաև բացօթյա-սրտաբաց համաժողովներ` կլոր սեղանների շուրջ, Սևանի ափին, Զանգվի ձորափին, առաջապահ պանդոկներում և պարզապես գյուղական մի համեստ դեզի ստվերում։ Է, համբուրվեցին-բաժանվեցին։ ՈՒ, ինչպես սփյուռքահայը կասեր` լմնցավ։ Զի համահայկական այս դարացունց ծրագիրն այսքանով իր ավարտը շեփորեց ու դարձավ հայոց պատմության դասագրքերի սեփականությունը։
Նույնը կրկնվեց 2010-ի ամռանը։ Այս անգամ` կերպարվեստի շուրջ։ Եվ դարձյալ համբուրվեցին-բաժանվեցին։ ՈՒ աս ալ լմնցավ։
Բայց գուցե ժամանակն է ձեռքը դնելու խղճին (նախ, իհարկե, պարզելով, թե ում մոտ որտեղ է «էդ անտերը» տեղակայված։ Զորօրինակ հանրահայտ աթարաբան-վերլուծաբանի մոտ այն գտնվում է թուրքմենական թաշկինակի ծալքերում, սրարշավ սոցիալիստ-ազգայնամոլի դեպքում թաքնված է դանիական տաբատի ձախ հետին գրպանում, և այսպես շարունակ) և վերամբարձ քեֆչիությունը փոխարինել իրական, աչք շոյող և ոգի բորբոքող գործերով։ Ահա Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ առաջացան մեր կարոտաբաղձ եղբայրների առջև։ Եվ ահավասիկ երեկ, այսօր, նաև վաղը «Անտունին» է հնչում, և պանդուխտի գավազանը երիցս անիծված հայտնվում է տուն ու տեղ դրած, հարգանք ու հեղինակություն վաստակած հայի ձեռքում։ Եվ առաջնորդում նրան մի նոր եզերք` շենացնելու մի նոր, օտար հայրենիք։
Իսկ Արցախի սքանչելի հողն այդպես էլ անմշակ ու ընկեցիկ է։
Եվ մի՞թե իսկապես անհնար է «Արի տուն» ծածկադմփոցը տարանջատել մկան թակարդներից, բարվոք պայմաններ ստեղծել մեր հայրենակարոտ հայրենակիցների համար ու շենացնել Արցախն էլ, սահմանամերձ շրջաններն էլ` վրադիր։ Թե չէ այն քաղաքականությունը, որ վարում ենք մինչ օրս, իրականում մկան թակարդ է սփյուռքահայության որոշակի հատվածների համար։ Զի ոմանք բավականին նրբորեն խաղում են կարոտի նրբագույն լարերի վրա, թմբուկներ զարկում և փողեր փչում և թակարդում գործի պատրաստ մարդկանց այս անվերջ-անսկիզբ գիտաժողովահամաժողովային սահանկումներում։ Բայց հայտնի է դեռ քարի դարից, որ անվճար է միայն թակարդում բուրող ճարպը (ճարպի դերում վերոնշյալ սահանկումներն են)։ Թակարդի վարպետները քաջ հայտնի են։ Զի զօրուգիշեր այս ու այն դահլիճում հուզախռով շառաչում են, էս ու էն հանգստյան գոտում ինքնամոռաց բարբաջում, սակայն մեր վսեմ ցեղատեսակի թե՛ քանակով, թե՛ ինքնուրույնությամբ առավել ստվար զանգվածը Հայաստանը դիտում է, այո՛, որպես մկան թակարդում տեղավորված բուրումնալից և գրգռիչ «ճարպագունդ»։
(Յուրաքանչյուր սփյուռքահայ ունի «Լճիցլճերում» կարմրախայտ որսալու հավերժական արտոնագիր։ Մկան թակարդի գիտաժողովային տարանցիկները դոդոշ են որսալու քնում և հարթմնի։ Անուշ փորկապություն)։

ՎԵՐՋԵՐԳ
(լրջախոհ մտասևեռում)

Տարեկան քանի գիտաժողով, համաժողով, գագաթնաժողով է կազմակերպվում ՀՀ-ում։ Եվ քանի՜-քանի՜ հեկտոլիտր կոնյակ և օղի է ներհոսում հայրենակարոտ կոկորդներով։ ՈՒ քանի-քանի հազար տոննա ակրատ ու այլ կենսալիցք-բարձրորակ սննդամթերք է մարսվում։ (Հասկանալի է, հայրենակարոտ համաժողովներում կոտլետ կամ թանապուր ճաշակելն անպատվաբեր ախմախություն է, մենք, կներեք, հո սովետական պրոֆտեխուսումնարանի ճաշարանում չենք)։ ՈՒ այսպես շարունակ։ Ահա մի քսան անկախ տարիներ։
Շարունակ և անփառունակ շուրջպար ենք բռնում, որն էլ հաճախ փոխակերպվում է պորտապարի։ Ընդ որում, անվրեպ հաջողակ և մարտականորեն նպատակամետ ենք այս ամենում։ Գիտաժողովներ, համաժողովներ, շնորհանդեսներ և բանակում` հարմարավետ մի լանջում։ ՈՒ ի՜նչ շենշող են նախարարաց խոսքն ու ժպիտը։ Իսկ ինչու ոչ, պետգանձարանը երեկ էլ, այսօր էլ (հուսանք ոչ վաղն ու մեկել օրը) անկիզելի դարպասները մեծագույն հոժարությամբ է բանում շուրջպարապորտապարային, համահայկական, հակասննդական ու բարոյամերժ ծրագրերի առջև։ Կարևորը պահի գիտակցումն է, հավերժացումը նորանկախության տառապալից էջերում։
Դե եկեք նստենք ծուռ, դատենք շիտակ։ Դիցուք, ազգային ու պետական ռազմավարությունը շրջադարձվում է, և հանդիսախաղերը փոխակերպվում են խորքային ծրագրերի կենսագործման։ Ասենք, սփյուռքահայոց մի կարոտակեզ հատվածը բնակեցնում է Արցախի չնաշխարհիկ ու մարդակարոտ եզերքները։ ՈՒ օրն ի բուն շենացնում սեփական օջախն ու երկիր հայրենին։ Ինչ է մնում այս պարագայում շուրջպարապորտապարային «բոմժերին»։ Հիշենք, հող մշակել ու տուն կառուցել անզոր են։ Քարից հաց քամելը նրանց համար բարբարոս ձեռնարկ է։ Գուցե զատենք նրանց մեզնից։ Նաև լիառատ սնենք ու հանդիսախաղի լայն ասպարեզ բանանք նրանց առջև։ Թող աբսուրդի նորհայկական այս թատրոնում տրտինգ տան, ճառաբանեն ու որկրամոլական մրցարշավներ կազմակերպեն։
Միայն թե դադարեցնեն այս դիվային նենգադուլը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ